Ա. ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՕՊԵՐԱՅԻ և ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱն ԹԱՏՐՈՆ

Թատրոնի մասին

  Իր պատմության ամբողջ ընթացքում  Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը յուրաքանչյուր հայի համար եղել է սրբազան օջախ, մեր մշակույթի պարծանք, իսկ օտարերկրացիների համար՝  Հայաստանը, նրա բարձրարժեք մշակույթը վայելելու լավագույն հնարավորությունը: 

         Ամփոփելով օպերային թատրոնի 90 տարվա փառապանծ պատմությունը, հարկ է նշել, որ թատրոնի բեմում մշտապես ներկայացվել են ոչ միայն ազգային, այլև համաշխարհային դասական և ժամանակակից խաղացանկի հարյուրավոր ստեղծագործություններ:

      Թատրոնն իր գործունեությունը սկսեց 1933 թվականի հունվարի 20-ին, ներկայացնելով Ա. Սպենդիարյանի ՙՙ Ալմաստ ՚՚ օպերան:    Առաջին թատերաշրջանում թատրոնն իրականացրեց Ջ. Ռոսինիի ՙՙ Սևիլյան սափրիչ ՚՚, Պ. Չայկովսկու ՙՙ Եվգենի Օնեգին ՚՚, Շ. Գունոյի ՙՙ Ֆաուստ ՚՚ օպերաների բեմադրությունները:

     Հիմնադրման առաջին տարիներից այստեղ ստեղծագործել են անվանի դիրիժորներ Գ. Բուդաղյանը , Ա. Չարեքյանը, Կ. Սարաջևը, Մ. Թավրիզյանը, Ս. Շաթիրյանը,  ռեժիսորներ Ա. Բուրջալյանը, Լ. Քալանթարը. Ա. Գուլակյանը, նկարիչներ Մ. Սարյանը, Մ. Արուտչյանը, Պ. Անանյանը, մեներգիչներ Հ. Դանիելյանը, Շ. Տալյանը,Լ. Իսեցկին, Ա. Կարատովը, Թ. Բեջանյանը, Ե. Ֆանարջյանը, Թ. Շահնազարյանը, Տ. Սազանդարյանը, Պ. Լիսիցյանը, բալետի արտիստներ Լ. Վոյնովա – Շիկանյանը, Ռ. Թավրիզյանը, Պ. Բուռնազյանը, Զ. Մուրադյանը:

    Տարիների ընթացքում ընդլայնվում էր թատրոնի խաղացանկը՝ համալրվելով ազգային գործերով: Թատրոնի կյանքում բեկումային էր 1939 թվականին Մոսկվայում կայացած հայ արվեստի և գրականության տասնօրյակին մասնակցությունը; Ներկայացվեցին Ա. Սպենդիարյանի ՙՙ Ալմաստ ՚՚, Ա. Տիգրանյանի ՙՙ Անուշ՚՚, Հ. Ստեփանյանի ՙՙ Լուսաբացին ՚՚ օպերաները,  Ա. Խաչատրյանի ՙՙ Երջանկություն ՚՚ բալետը:  Մոսկովյան տասնօրյակից հետո թատրոնին շնորհվեց մեծ կոմպոզիտոր Ա. Սպենդիարյանի անունը : 

    Թատրոնն իրականացնում էր արևմտաեվրոպական և ռուսական դասական և ժամանակակից մեծ թվով  օպերաների բեմադրություններ: Զգալիորեն ընդլայնվեց և հարստացավ ազգային օպերային և բալետային խաղացանկը: Թատրոն եկավ արտիստների փայլուն աստղաբույլ. Գ. Գասպարյան, Մ. Երկաթ, Ա. Թութունջյան,Դ. Պողոսյան, Ա. Պետրոսյան, Ն. Հովհաննիսյան, Ա. Կարապետյան, Կ. Մարկոսյան, բալետի մենապարողներ Թ. Գրիգորյան, Ֆ. Ելանյան, Ս. Մինասյան, Բ. Հովնանյան և այլք… Ռեժիսորական հետաքրքիր մեկնաբանություններով հանդես եկան Ա. Գուլակյանը, Վ. Աճեմյանը, Ի. Վոլչեկը, Պ. Աֆեյանը, ավելի ուշ՝ Հ. Ղափլանյանը, Վ. Բագրատունին, դիրիժորներ Ս. Չարեքյանը, Ռ. Ստեփանյանը, Դ.Շիկանյանը, բալետմայստերներ Ի. Արբատովը, Վ. Վարկովեցկին, Ե. Չանգան, Ա. Ղարիբյանը, Մ. Մարտիրոսյանը: 1960-ականներից հանդես եկավ դիրիժորական նոր սերունդ՝ Ա. Քաթանյան, Հ. Ոսկանյան, Օ. Դուրյան, Յ. Դավթյան…

       1970-80- ական թվականներին իրենց կատարողական անգերազանցելի վարպետությամբ փայլում էին Գ. Գասպարյանը, Գ. Գալաչյանը, Գ. Գրիգորյանը,  Ս. Դանիելյանը, Տ. Լևոնյանը, Ա. Պետրոսյանը, Վ. Հարությունյանը, Հ. Ալավերդյանը, Բ. Թումանյանը, Ա. Մանսուրյանը, Հ. Պապյանը, Է. Չախոյանը , բալետի մենապարողներ Վ. Գալստյանը, Հ. Դիվանյանը, Է. Մնացականյանը, Ս. Աբրահամյանը, Թ. Այդինյանը, Ռ. Ավնիկյանը, Ն. Դավթյանը, Ռ. Խառատյանը և այլք: 

    1990-ական թվականներին, երկրի համար ամենաբարդ ժամանակաշրջանում, օպերային թատրոնը ոչ միայն չդադարեցրեց  իր գործունեությունն , ինչպես հանրապետության շատ թատրոններ, այլ իրականացրեց մեկը մեկից տարբեր, բայց գեղագիտական մեծ արժեք ներկայացնող բեմադրություններ.: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Տ. Լևոնյանն իր շուրջը հավաքեց մի խումբ  նվիրյալների, ովքեր ի հեճուկս բոլոր դժվարությունների մնացին թատրոնում և շարունակեցին ստեղծագործել: Այդ տարիներին Տ. Լևոնյանը բեմադրեց Գ. Դոնիցետիի

 ՙՙ Պողիկտոս ՚՚, Ա. Տիգրանյանի ՙՙ Անուշ ՚՚, Ջ. Վերդիի ՙՙ Օթելլո ՚՚ և Ռ. Լեոնկավալլոյի  ՙՙ Պայացներ ՚՚ օպերաները: Դրանցից յուրաքանչյուրի ծնունդը մեծ իրադարձություն էր դառնում հայաստանյան մշակութային կյանքում:

  2000-ական թվականներին թատրոնի գեղարվեստական ղեկավար Գ. Գրիգորյանը թատրոն բերեց երիտասարդ արտիստների մեծ խումբ, ովքեր ավագ սերնդի կողքին ներգրավվեցին ներկայացումներում: 

       Բեմադրվեցին Ջ. Վերդիի ՙՙ Տրավիատա ՚՚, ՙՙՏրուբադուր ՚՚, Ժ. Բիզեի ՙՙ Կարմեն ՚՚, Վ. Բելինիի ՙՙ Նորմա ՚՚, Ա. Տիգրանյանի ՙՙ Անուշ ՚՚, Ս. Ռախմանինովի ՙՙ Ալեկո ՚՚, Ա. Տերտերյանի ՙՙ Երկրաշարժ ՚՚ օպերաները:

          2009 թվականին բեմ բարձրացավ Ա. Խաչատրյանի ՙՙՍպարտակ ՚՚ բալետը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յ. Գրիգորովիչի բեմադրությամբ: 2010-ին իրականացվեց Ջ. Վերդիի ՙՙ Աիդա ՚՚ օպերայի բեմականացումը՝ իտալացի ռեժիսոր Մ. Կորադիի բեմադրությամբ:

   Վերջին տասնամյակում թատրոնն իրականացրեց բազում օպերային ու բալետային ներկայացումների բեմականացումներ: Մեկնեց հյուրախաղերի ԱՄԷ ու Քուվեյթ ՝ ներկայացնելով Ժ. Բիզեի ՙՙ Կարմեն ՚՚ և  Վ.Ա. Մոցարտի ՙՙ Կախարդական սրինգ ՚՚ օպերաները : 

    Վերջին  երկու թատերաշրջանում թատրոնում բեմադրվեցին Ջ. Պուչինիի ՙՙ Տուրանդոտ ՚՚, ՙՙ Չիո- Չիո- Սան ՚՚, Գ. Դոնիցետիի ՙՙ Սիրո ըմպելիք ՚՚ օպերաները, Ս. Պրոկոֆևի ՙՙ Ռոմեո և Ջուլիետ՚՚, Պ. Չայկովսկու ՙՙ Կարապի լիճը ՚՚, Վ. Շարաֆյանի ՙՙ Ձգողականություն ՚՚ բալետները: Աննախադեպ առաջնախաղով թատրոնը ներկայացրեց Տ. Չուխաճյանի ՙՙ Արշակ Բ ՚՚ օպերայի բնօրինակը՝ իտալերեն լեզվով:

    Այսօր էլ, միակը լինելով, Ա. Սպենդիարյանի անվան  օպերայի և բալետի ազգային ակադեմիական  թատրոնը ստեղծում է մնայուն արժեքներ և իր կարևորագույն տեղը զբաղեցնում հանրապետության մշակութային կյանքում:  

ՕՊԵՐԱՅԻ և ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ

Տոմսարկղ